ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել կողմերին Հայաստանում երկխոսության գնալ

ԱՄՆ–ն կոչ է անում կողմերին Հայաստանում կառուցողական երկխոսության գնալ` խաղաղ իշխանափոխություն ապահովելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը կոչ է արել Հայաստանի կառավարության և ընդդիմությանը կառուցողական երկխոսության գնալ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով` առաջիկա օրերը հայ ժողովրդի ու նրա առաջնորդների համար պատմական են լինելու, քանի որ նրանք նոր կառավարության ձևավորում են սկսում։

Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է, թե ինչու է չեղարկվել բանակցային հանդիպումը

«Կոչ եմ անում կողմերին կառուցողական երկխոսության գնալ` Հայաստանի սահմանադրության շրջանակում խաղաղ իշխանափոխություն ապահովելու համար», – նշել է Նաուերթը։

Ամերիկացի ներկայացուցիչը ընդգծել է, որ Վաշինգտոնն իրեն Երևանի «բարեկամ ու գործընկեր» է համարում։ Նաուերթը նշել է նաև, որ ԱՄՆ–ն անհամբեր սպասում է, որ «սկսեն նոր կառավարության հետ աշխատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»։

Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։