Սերժ Սարգսյանը հայտարարություն է տարածել. նա որոշել է միջամտել

ՀՀ նախկին վարչապետն ուղերձ է հղել հանրապետականներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորներին: Այս մասին հայտնում է ՀՀԿ մամուլի ծառայությունը։

«Հրավիրում եմ ձեզ ինձ հետ հանդիպման, որպեսզի ավելի հանգամանալից բացատրեմ իմ հրաժարականի պատճառները, իմ դիտարկումները ներկայացնեմ կուսակցության ապագայի, կուսակցության նոր առաջնորդության և բարեփոխման կարևորության, տարբերվող դերակատարմամբ Խորհրդարանում աշխատելով երկրի զարգացմանը նպաստելու վերաբերյալ»,- ասված է ուղերձում։

Նախկին վարչապետը նշել է, որ թեև հրաժարականից հետո տրամադրվել էր չմիջամտել քաղաքական գործընթացներին, հիմա համարում է, որ պարտավոր է անել դա:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ի երեկոյան չեղյալ հայտարարվեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և «Ելք» դաշինքնի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի ընթացքում պետք է քննարկվեին հետագա անելիքները։ Կարեն Կարապետյանի խոսքով`Փաշինյանի վերջնագիրը նշանակում է, որ ոչ թե երկխոսություն պիտի կայանա, այլ Փաշինյանը ուզում է բացառապես հնչեցնել սեփական տեսակետը` ընդհուպ դիմացի կողմի բանակցողներին որոշելով։

Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։