Վարչապետի թեկնածուին փողոցում չեն ընտրում. Հայաստանում ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպանը Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը, անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական վիճակին, ասել է, որ քաղաքացիական անհնազանդության գործողությունները օրենքի խախտում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ու Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Դեսպան Միլսը վերահաստատել է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը և շեշտել, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության համաձայն և որ երկխոսությունն այլընտրանք չունի:

«Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, և կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհն այն չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ»,- կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն ասել է Ռիչարդ Միլսը։

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ արտահայտած դիրքորոշման համար: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից խորհրդակցությունների անցկացումը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակն ու դրանից դուրս գալու ուղիները, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման միջոցով:

Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։