Կրեմլը հուսով է, որ Հայաստանում առաջիկայում կոնսենսուսի կհանգեն

Մոսկվան շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում ծավալավող իրադարձություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Ռուսաստանը ինչպես և ավելի վաղ հայտնել էր, կարծում է, որ Հայաստանում ընդդիմության շարունակվող բողոքի ակցիաները, երկրի ներքին գործն է և հույս ունի, որ իրավիճակն առաջիկայում կոնսենսուսի հիման վրա կկարգավորվի: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին` նա նշել է, որ Հայաստանի իրավիճակի վերաբերյալ Կրեմլի դիրքորոշումը չի փոխվել:

«Մենք առաջավա պես կարծում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է։ Հույս ունենք, որ մեր հայ բարեկամները կկարողանան կարգավորել այս իրավիճակը և առաջիկայում կոնսենսուսի հանգել», — ասել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը նշել է` մենք շարունակում ենք շատ ուշադիր հետևել իրավիճակին։

Վարչապետին փողոցում չեն ընտրում. Կարեն Կարապետյան

Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։