Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է, թե ինչու է չեղարկվել բանակցային հանդիպումը

ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի առաջարկին չի արձագանքել: Հանրահավաքները վերսկսվում են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսաուղերձում մեկնաբանել է, թե ինչու է չեղարկվել իր և Կարեն Կարապետյանի նախատեսված հանդիպումը:

Կարեն Կարապետյանը ներկայացրել է իր և Փաշինյանի հանդիպման չեղարկման պատճառը

Նա հայտնել է, որ իշխանություններին առաջարկել է բանակցել 3+3 ձևաչափով, որին ՀՀԿ-ից պետք է մասնակցեին Կարեն Կարապետյանը, Արա Բաբլոյանն ու Վահրամ Բաղդասարյանը: Ընդ որում` ինչպես և ապրիլի 22- ին Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպումը, այս հանդիպումը ևս պետք է կայանար լրագրողների ներկայությամբ:

ՀՀԿ-ն, սակայն, Նիկոլ Փաշինյանի խոսքով, մինչ այս պահն իր առաջարկին դրական կամ բացասական պատասխան չի տվել:

«Այս լռությունը և այս իրադարձությունները մեզ ստիպում են մտածել, որ ՀՀԿ-ում կարծում են, թե որոշել են Սերժ Սարգսյանի հրաժարականն օգտագործել ՀՀԿ-ի իշխանությունը պահելու համար»,- ասել է Փաշինյանը:

Նա նաև հայտարարել է, որ խնդիրը ոչ միայն Սերժ Սարգսյանի անձի, այլև ամբողջ կառավարման համակարգի մեջ է:

«Մենք չենք կարող համաձայնել, որ վարչապետ նշանակվի ՀՀԿ որևէ ներկայացուցիչ, և այս կոռումպացված համակարգը շարունակի գոյություն ունենալ»,- ասել է Փաշինյանը:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն ազդարարեց, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաները պետք է շարունակվեն այնքան ժամանակ, մինչև ՀՀԿ-ն համաձայնի շարժման առաջարկներին:

Առաջիկա հանրահավաքը նախանշված է վաղը, ժամը 11:00ին Հանրապետության հրապարակում: