ՀՀԿ–ն փորձում է ապահովել Սերժ Սարգսյանի ստվերային կառավարումը. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ արտահերթ ընտրությունների դեպքում կշրջափակեն ընտրատեղամասերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Կարեն Կարապետյանն ու ՀՀԿ–ն փորձում են Սերժ Սարգսյանի հրաժարականի ծխածածկույթի ներքո ապահովել Հանրապետականի հետագա իշխանավարումը։ Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսուղերձում ասել է «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է, թե ինչու է չեղարկվել բանակցային հանդիպումը

Իր խոսքում Փաշինյանն անդրադարձել է նաև Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարությանը, որով նա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել էր խորհրդակցություններ սկսել խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։

«Նրանք ուզում են, որ ընտրությունները տեղի ունենան այն պայմաններում, երբ վարչապետի պաշտոնակատարը ՀՀԿ–ից է։ Թե ինչպիսին կլինեն այդ ընտրությունները, գիտենք 2017թ–ից»,– ասել է Փաշինյանը` հավելելով, որ պատրաստ են բոյկոտել նման ընտրությունները` շրջափակելով բոլոր ընտրատեղամասերը և թույլ չտալով, որ ՀՀԿ–ն ապահովի իր վերարտադրությունը։

«Սերժ Սարգսյանն իշխանությունից հեռացել է, բայց պետք է իշխանությունից զրկվեն նաև հանրապետականները, որպեսզի մենք չունենանք այնպիսի իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանը ստվերից կամ ետնաբեմից շարունակի կառավարել երկիրը ` հանրապետականների միջոցով»,– ասել է նա։