Երևանի քաղաքապետարանում շատ են վախենում կոռուպցիոն սկանդալների բացահայտումից

«Ժողովուրդ» թերթի տվյալներով`երկրի վերջին զարգացումները բերելու են մի շարք կոռուպցիոն սկանդալների բացահայտման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. «Շատերը համոզված են, որ ներքաղաքական վերջին զարգացումները անխուսափելիորեն բերելու են մի շարք կոռուպցիոն սկանդալների բացահայտման, մասնավորապես լուրջ փաստեր կարող են ի հայտ գալ Երևանի քաղաքապետարանի գործունեության հետ կապված։

Ինչպես հայտնի է` ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն ու Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը հայտարարել էին, որ դիմելու են դատարան` Երևանի քաղաքապետարանի ստեղծած «Երևան» հիմնադրամի միջոցները հրապարակայնացնելու պահանջով։

Բանն այն է, որ այս հիմնադրամի միջոցով պարզապես օրինականացվում է կաշառքը, երբ քաղաքացին կազմակերպությանը նվիրատվության անվան տակ գումար է վճարում` քաղաքապետարանում իր հարցի դրական լուծման համար։ Հենց դրա համար էլ քաղաքապետարանն ատամներով պահում է այս կառույցի ֆինանսական շարժի մասին տեղեկությունները, քանի որ դրանք բացահայտելու դեպքում հնարավոր է` աներևակայելի փաստեր ի հայտ գան։ Նշենք, որ այս հիմնադրամի տարեկան մուտքերը և ծախսերը 1.5–2 մլրդ դրամի են հասնում»։