ՌԱԴԻՈ

Քոչարյան. «Փաշինյանը մեսիջ էր ուղարկում միջազգային կենտրոններին` գնդակը գցելով նրանց դաշտ»

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող դեպքերին` ասաց, որ դրանց միակ հանգուցալուծումը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են։
Sputnik

Կարեն Քոչարյան
«Եթե կա քաղաքական ճգնաժամ, իսկ մեզ մոտ այն կա, դրա միակ լուծումը արտահերթ խորհրդարանական ընտրությունն է։ Բոլորն էլ դա հասկանում են։ Այդ հարցով կողմերի միջև փոխհամաձայնութուն կա, խնդիրը միայն մանրուքների մեջ է` ինչպես անցկացնել այն, երբ, որ օրենսգրքով, ինչ հանձնաժողովների օգնությամբ, դրանք ինչպես են ձևավորվելու և այլն»,- ասաց Քոչարյանը։

Նրա համոզմամբ` այդ բոլոր հարցերը հնարավոր կլինի պարզել միայն բանակցությունների ժամանակ, որոնք վաղ թե ուշ լինելու են։ Իսկ առայժմ, ըստ նրա, ռազմավարական պայքար է գնում։

Նիկոլ Փաշինյանը արտասահմանյան լրատվամիջոցների համար կազմակերպված ասուլիսի ժամանակ փաստացի մեսիջ էր ուղարկում միջազգային և աշխարհաքաղաքական կենտրոններին` գնդակը գցելով նրանց դաշտ և սպասելով նրանց պատասխանին` իր հետագա անելիքների համար։