Կարեն Կարապետյանն օրենքով իրավունք չունի վարչապետի պաշտոնակատար լինելու. Փաշինյան

Կարեն Կարապետյանը վարչապետի լիազորություններ իրականացնելու իրավունք չունի. Փաշինյանը հորդորում է վաղվանից չներկայանալ որպես ՀՀ վարչապետի պաշտոնակատար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Եթե Կարեն Կարապետյանը կփորձի ներկայանալ որպես վարչապետ կամ վարչապետի պաշտոնակատար, ընդդիմությունը կշրջափակի կառավարության շենքը։ Այս մասին այսօր Երևանի Հանրապետության հրապարակում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը պնդում է` ՀՀԿ–ն համաձայն չէ, որ Կարեն Կարապետյանը ներկայացնի իրենց

Նա հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահին չկա գործող կառավարություն, քանի որ Սերժ Սարգսյանի հրաժարականի հետ կառավարությունը ևս հրաժարական է տվել, և այդ պահից սկսած չկա որևէ պաշտոնյա։

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուն, Փաշինյանը հայտարարեց, որ Կարեն Կարապետյանն ինքն է իրեն հռչակել այդ պաշտոնում, ինչն անօրինական է։

«Մեր իրավաբաններն ուսումնասիրել են և հայտնել, որ հրաժարականի պարագայում չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, հետևաբար Կարեն Կարապետյանը ոչ թե վարչապետի, այլ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է։ Եվ թող Կարեն Կարապետյանը չհամարձակվի իրեն վերապահել վարչապետի լիազորություններ։ Դա կարող է նույնիսկ քրեական հանցագործություն համարվել»,- ասաց Փաշինյանը։

Խոսքն, ամենայն հավանականությամբ, կառավարության գործունեության ու կառուցվածքի մասին օրենքի անցումային դրույթների մասին է։ Դրանով նախատեսված է, որ վարչապետին փոխարինելու կարգը սահմանվում է ոչ թե օրենքով, այլ ՀՀ վարչապետի հրամանով։ Ընդ որում, Սերժ Սարգսյանն այդ կարգը պետք է սահմաներ վարչապետ նշանակվելուց հետո եռամյա ժամկետում։ Սակայն հայտնի չէ` սահմանել է արդյոք, թե ոչ, կամ եթե սահմանել է, ինչ է սահմանել։

Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։