Վարչապետին փողոցում չեն ընտրում. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ներկայացրել է իշխանափոխության վերաբերյալ իշխանության դիրքորոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. «Ես չգիտեմ մի որևէ երկիր, որտեղ առանց ընտրության թեկնածու ընտրեն։ Ի՞նչ է նշանակում ժողովրդի ընտրյալ։ Ժողովրդի մի մասն ուզում է Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, մի այլ մասը ուրիշ նախընտրած թեկնածու ունի, դա պետք է ընտրությամբ որոշվի»,-ասաց է Կարապետյանը։

Կարեն Կարապետյանը նշեց, որ ոչինչ չի կարող արվել ՀՀ Սահմանադրությունից ու օրենքներից դուրս։ Քաղաքական ուժերը պետք է որոշեն, թե ինչպես են փոխվում խաղի կանոնները, ինչպես են իրականացվում փոփոխությունները։

ՀՀԿ–ն փորձում է ապահովել Սերժ Սարգսյանի ստվերային կառավարումը. Նիկոլ Փաշինյան

«Մենք ինչի՞ ենք ուզում գնալ, դիկտատուրայի՞։ Ընտրություն է պետք անցկացնել, որ հասկանանք մեր հասարակությունն ո՞ւմ է ուզում»,- ասաց Կարապետյանը։

Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։