Նախարարի պաշտոնակատարը հրաժարվում է իր ժամանակավոր աթոռից և դուրս գալիս փողոց

Որպես ԲՀԿ համակիր՝ ես պաշտպանում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համազգային մոբիլիզացիայի մասին կոչին և անձամբ դուրս եմ գալիս փողոց, հայտարարել է Հրաչ Ռոստոմյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլ — Sputnik. ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչ Ռոստոմյանը հրաժարվում է իր` պաշտոնակատարի պարտականությունը կատարելուց։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

ԲՀԿ-ն իր կուսակիցներին կոչ է անում դուրս գալ փողոց

«Գիտակցելով պահի օրհասականությունն ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը Հայաստանի պետականության առջև՝ ես հրաժարական եմ տալիս Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից։

Որպես ԲՀԿ համակիր՝ ես պաշտպանում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համազգային մոբիլիզացիայի մասին կոչին և անձամբ դուրս եմ գալիս փողոց։ Բոլոր մարզիկներին և մարզաշխարհի ներկայացուցիչներին վստահեցնում եմ՝ այսօր Հայաստանի դրոշը Հանրապետության հրապարակում մեր ժողովրդի գլխավերևում ծածանելու ժամանակն է։

Իմ հանրապետական և դաշնակցական գործընկերներին հորդորում եմ առանց տատանվելու միանալ ժողովրդին և ենթարկվել նրա պահանջներին։ Այս պահին ոչինչ ավելի կարևոր չէ, քան մեր հայրենիքի համար անցնցում և խաղաղ ելք գտնելը։ Իմ խորին համոզմամբ՝ այդ ելքը հրապարակում է, ժողովրդի կողքին»,–գրել է նա։