ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը վարչապետի իր թեկնածուին կառաջադրի նախագահի հետ քաղաքական ուժերի երկխոսությունից հետո: Այս մասին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնեց Ազգային ժողովում խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Բաղդասարյանի խոսքով՝ իրենք դեռ որոշում չեն կայացրել, իսկ «ժողովրդի թեկնածուն» հարաբերական հասկացություն է:
«Մենք կոչով դիմել ենք ՀՀ նախագահին, որպեսզի քաղաքական ուժերին դիմի երկխոսության համար: Երբ այդ երկխոսությունը կլինի, մեր որոշումը կկայացնենք: ՀՀԿ-ն միասնական է, երբ որոշում կկայացնենք, դրա մասին կխոսենք»,-ասաց պատգամավորը:
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ քիչ անց հանդես կգան հայտարարությամբ։
Համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։