Գյումրեցի ցուցարարների շարքում է նաև նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը. լուսանկար

Գյումրեցիները կրկին երթի են դուրս եկել, նրանց շարքերը համալրվել են նախկին քաղաքապետի թիմակիցներն ու պոլիկլինիկայի աշխատակիցները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Հանրապետության երկրորդ քաղաքում վերսկսվել է բողոքի երթը։ Այս անգամ ցուցարարներին միացել է նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր թիմակիցներով։

Вардан Гукасян

Ինչպես միշտ, երթը մեկնարկել է Թատերական հրապարակից։ Ցուցարարները շրջելով քաղաքի կենտրոնական հատվածներով` կանգ առան Շիրակի մարզպետարանի կրթության վարչության շենքի մոտ և վարչության պետ Հրայր Կարապետյանից պահանջեցին թույլ տալ, որ դպրոցները նույնպես միանան իրենց։

Ինչպես անցած օրերին, այնպես էլ այս անգամ, երթը գլխավորում են թեմի հոգևորականները։ Առաջին անգամ երթին են միացել Գյումրու Թիվ 1 պոլիկլինիկայի` սպիտակ խալաթներով աշխատակիցները։

Ցուցարարները կրկին շարժվում են դեպի Թատերական հրապարակ։

Այս պահին փակ է Երևան–Գյումրի մայրուղու Սառնաղբյուրի հատվածը։

Шествие в Гюмри 25 апреля 2018

Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։