«Ելքը» վարչապետի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

«Ելքին» վարչապետ ունենալու համար 53 ձայն է հարկավոր։ Նիկոլ Փաշինյանի առաջադրումն արդեն քաղաքական օրակարգում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստվում է վարչապետի պաշտոնում առաջադրել Նիկոլ Փաշինյանին։

«Նիկոլ Փաշինյանին վարչապետ առաջադրելու համար մեզ անհրաժեշտ է 53 ձայն»,– ասել է Մարուքյանը։

Նախագահն ազդարարել է քաղաքական քննարկումների մեկնարկը

Նա նաև նշել է, որ եթե Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո ՀՀԿ–ն չհեռանա, Հայաստանում ոչինչ չի փոխվելու։

Հիշեցնենք, երեկ` ապրիլի 24-ի ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանն ու Կարեն Կարապետյանը հայտարարեցին այսօր առավոտյան նախանշված բանակցությունների չեղարկման մասին։

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց, որ քանի դեռ ՀՀ վարչապետը հանրապետական է, արդար ընտրություն Հայաստանում չի կարող անցկացվել։

Իսկ Կարեն Կարապետյանի խոսքով`Փաշինյանի վերջնագիրը նշանակում է, որ ոչ թե երկխոսություն պիտի կայանա, այլ Փաշինյանը ուզում է բացառապես հնչեցնել սեփական տեսակետը` ընդուհուպ դիմացի կողմի բանակցողներին որոշելով։

Հիշեցնենք նաև, որ Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։