Նախագահն ազդարարել է քաղաքական քննարկումների մեկնարկը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը քաղաքական քննարկումներ է սկսում քաղաքական ուժերի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ այսօրվանից սկսում է խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահը նշել է, որ տեղյակ է, որ բանակցությունները տապալվել են և ափսոսանք հայտնել բանակցությունների ընդհատման համար։

Վարչապետին փողոցում չեն ընտրում. Կարեն Կարապետյան

«Քաղաքացիական շարժումը, որի մեջ ներգրավված է հատկապես երիտասարդությունը, նոր հնարավորություններ է բացում Հայաստանի քաղաքական կյանքի առողջացման ու ժողովրդավարության խորացման ուղղությամբ: Այն կբարձրացնի Հայաստանի և հայ ժողովրդի հեղինակությունն աշխարհում, եթե մենք կարողանանք ճիշտ և կշռադատված լուծումներ գտնել»,– նշված է նախագահի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, երեկ` ապրիլի 24-ի ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանն ու Կարեն Կարապետյանը հայտարարեցին այսօր առավոտյան նախանշված բանակցությունների չեղարկման մասին։ Կարեն Կարապետյանը հայտել էր, որ դիմել է ՀՀ նախագահին` խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ քննարկումներ անցկացնելու առաջարկով, որոնց ընթացքում չէր բացառել նաև արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումները։

Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։