Հովհաննիսյանը հորդորում է ապատեղեկատվություն չտարածել` ուղղաթիռներն այլ առաքելություն են

Այսօր ՀՀ ԶՈւ-ին ուղղաթիռներ են պետք եկել։ ՀՀ ՊՆ խոսնակը պարզաբանում է, թե ինչու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեսյսբուքյան իր էջի միջոցով հորդորում է խուճապի չմատնվել և տեղեկացնում է, թե ինչի համար են պետք եկել ուղղաթիռները։

«Հարգելի լրատվամիջոցներ, հաշվի առնելով ճանապարհների դժվարանցանելիությունը, ՀՀ ԶՈւ-երի կառավարման և մարտունակության ապահովման բնականոն գործընթացը ապահովելու համար օգտագործվում է ուղղաթիռ։ Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել»,–գրել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 24–ի երեկոյան չեղյալ հայտարարվեց ապրիլի 25–ին նախատեսված վարչապետի պաշտանակատար Կարեն Կարապետյանի և «Ելք» դաշինքնի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի ընթացքում պետք է քննարկվեին հետագա անելիքները։ Կարեն Կարապետյանի խոսքով`Փաշինյանի վերջնագիրը նշանակում է, որ ոչ թե երկխոսություն պիտի կայանա, այլ Փաշինյանը ուզում է բացառապես հնչեցնել սեփական տեսակետը` ընդուհուպ դիմացի կողմի բանակցողներին որոշելով։

Հիշեցնենք նաև, որ Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։