Սարգսյանը հայաստանյան իրադարձությունները քննարկել է Բելառուսի նախագահի հետ

Երկու նախագահներն էլ ընդգծել են, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան բացառապես Սահմանադրության շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սարգսյանի հետ

«Քննարկվել են հայ-բելառուսական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է եղել Հայաստանում ստեղծված իրավիճակին: Զրուցակիցներն ընդգծել են, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան բացառապես Սահմանադրության շրջանակներում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։