Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը կարող են երկու տարով ազատազրկել

Ազատազրկումը միակ պատժամիջոցը չէ, որը սպառնում է Ցիմբալյուկ–Ռոմանովսկայային, նրան կարող են նաև տուգանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. ՌԴ քննչական կոմիտեն նախօրեին վերջնական մեղադրանք է ներկայացրել Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը։ Այս մասին հայտնում է «Ռոսիսյսկայա գազետա» պարբերականը` հղում անելով Վիտալինայի պաշտպան Լարիսա Շիրոկովային։

Անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտելու մասին հոդվածով (ՌԴ ՔՕ 137 հոդված) կազմված մեղադրանքի վերջնական խմբագրությունը նախատեսում է մինչև 200 հազար ռուբլի տուգանք ու մինչև երկու տարվա ազատազրկում։

Արմեն Ջիգարխանյանը նոր կյանք է սկսում. ի՞նչ կապ ունի Ալինա Կաբաևան

«Մեղադրանքի ծավալը չի փոփոխվել, մեղադրանքը ներկայացվել է նույն ձևով ու նույն հիմունքներով, ինչպես և նախկինում», — ասել է փաստաբանը։

Միաժամանակ նշվում է, որ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան չի ընդունել իր մեղքն ու հայտարարել է, որ մեղադրանքը շինծու է։

Ժողովրդական արտիստի հետ կապված աղմկահարույց պատմությունը ծագել է դեռ անցած տարվա հոկտեմբերին։ Սկզբում լուրեր պտտվեցին, թե անհայտ անձինք Ջիգարխանյանին առևանգել են, հետո պարզվեց, որ նա հիվանդանոցում է։

Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։

Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։