Ստամբուլի իշխանությունը փորձել է արգելել Ցեղասպանությանը նվիրված միջոցառումները

Թուրքիայի տարբեր քաղաքներում այսօր հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին։ Իշխանությունները փորձել են արգելել միջոցառումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլ — Sputnik. Ստամբուլի քաղաքային իշխանությունն այս տարի ապրիլի 24-ին ընդառաջ փորձել է հայ համայնքին արգելել Հայոց ցեղասպանությանը նվիրված հանրային միջոցառումներ կազմակերպել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը` նշելով, որ վերջին 8 տարվա ընթացքում հայ համայնքը նման արգելքի չէր հանդիպել։

«Այդ արգելքը հնարավոր եղավ հաղթահարել միայն այն ժամանակ, երբ միջամտեց Ներքին գործերի նախարարությունը»,- ասաց Էստուկյանը։

Արգելքի վերացնելուց հետո այսօր կեսօրին Թուրքիայի հայ համայնքը հիշատակի միջոցառումներ է իրականացրել Ստամբուլի Սուլթան Ահմեդ թաղամասում։

Էստուկյանը մեծ նշանակություն է տալիս այս միջոցառման անցկացման տեղին, քանի որ 2015թ-ի ապրիլի 24-ի գիշերը ձերբակալված հայ մտավորականներին հենց այս թաղամասում գտնվող բանտ էին տեղափոխել, որտեղից հետո աքսորել էին այլ վայրեր։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ապրիլի 24–ին դիմել է հայերին

Իսկ տեղի ժամանակով ժամը 15։00-ին հիշատակի արարողություն է տեղի ունեցել Շիշլիի հայկական գերեզմանատանը, որտեղ ամփոփված է 7 տարի առաջ ապրիլի 24-ին սպանված` թուրքական բանակի հայ զինծառայող Սևակ Բալըքչիին։

Իսկ 18։15-ին Թուրքիայի հայ համայնքը կհավաքվի Ստամբուլի հրապարակներից մեկում` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Այս միջոցառմանը մասնակցելու համար տարբեր երկրներից` Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Խորվաթիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Թուրքիա են ժամանել հայկական կազմակերպությունների անդամներ»,- ասաց Էստուկյանը։

Խմբագիրը նշեց նաև, որ Թուրքիայում ևս խոսում են հայ ժողովրդի կամքի հաղթանակի մասին։ Նրա խոսքով` իշխանամետ լրատվամիջոցներն այդ մասին գրեթե ոչինչ չէին հայտնում, բայց ընդդիմադիր մամուլում ու քաղաքական շրջանակում հայաստանյան իրադարձություններին դրական են վերաբերվում։