Քոչարյան. «Քաղաքական փոփոխությունները դրական կազդեն Հայաստանի հեղինակության վրա»

Փոխարտգործնախարարի կարծիքով` ամբողջ աշխարհը համոզվեց, որ վճռական հարցերում հայ ժողովուրդը կարող է միավորվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Երկրի ներքաղաքական փոփոխությունները դրական կանդրադառնան Հայաստանի հեղինակության վրա։ Այսօր Ծիծեռնակաբերդում այս մասին լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Շարմազանով. «Ընդդիմության հետ բանակցությունները վաղն են սկսվելու»

«Կարծում եմ, որ ամբողջ աշխարհը համոզվեց, որ որոշիչ հարցերում մենք միասնական ենք», — ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` երկրում տեղի ունեցած փոփոխությունները պետք է դրական ազդեցություն ունենան նաև Հայաստանի միջազգային հեղինակության վրա։

Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։