Ո՞վ է սպանել Մանվել Գրիգորյանի զինակցին. պարզում են քննիչները

46 տարեկան Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Էջմիածնում ապրիլի 23-ին 46-ամյա Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Խոշոր ավտովթար Երևանում. 4 վիրավորներից մեկը ԵՊՀ դասախոս է, մյուսը` 1 տարեկան երեխա

2018թ. ապրիլի 23-ին, ժամը 18.55-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն տեղափոխված Նվեր Հովհաննիսյանը մահացել է վիրահատության ժամանակ, ժամը 21.45-ի սահմաններում` սիրտ-անոթային սուր անբավարարության հետևանքով։

Քննությամբ պարզվել է, որ նա վնասվածք է ստացել Վաղարշապատի հրապարակում՝ Կոմիտասի արձանի մոտակայքում։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:

Քննչական կոմիտեն այլ մանրամասներ չի հրապարակում։ Նշվում է, որ սպանությունը կատարողը չի հայտնաբերվել։

Մամուլի հրապարակումների համաձայն` Նվեր Հովհաննիսյանին դանակահարել է ցուցարարներից մեկը:

Նվեր Հովհաննիսյանը ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր, նախկինում եղել է նաև քաղաքի մշակույթի տան տնօրենը:

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն այսօր, մեկնաբանելով իր զինակցի սպանությունը, ասել էր, որ նրա հետ վիճաբանողները նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) մարդիկ են եղել։