Նիկոլ Փաշինյանը խոսել է այսօրվա ու վաղվա անելիքների մասին

Քաղաքական քննարկումները շարունակվում են։ Իշխանության փոխանցման բանակցությունները շուրջ կկայանան վաղը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Այսօր որոշ քաղաքական քննարկումներ կլինեն, թե ինչ քայլերով է դե յուրե արձանագրվելու ժողովրդի հաղթանակը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձում հայտնում է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Հանրապետական կուսակցությունը չի բացառում, որ կառաջադրի վարչապետի իր թեկնածուին

Նա նաև նշում է, որ վաղը` ապրիլի 25-ին, կկայանան իշխանությունների հետ բանակցությունների երկրորդ փուլը` իշխանության անցնցում փոխանցման շուրջ, իսկ նույն օրը երեկոյան` ժամը 19։00-ին, Հանրապետության հրապարակում կկազմակերպվի հանրահավաք։

«Դրա ընթացքում տեղյակ կպահեմ, թե ինչ ընթացք են ունենում բանակցությունները, ինչ պետք է անենք մեր հռչակած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն ավարտին հասցնելու համար»,- ասում է Փաշինյանը։

Իսկ այսօր` ապրիլի 24-ին, Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակից քաղաքացիներին քայլերթով կուղեկցի Ծիծեռնակաբերդ` Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու։ Ինչպես Փաշինյանն է ասում, այսքանով այսօրվա ակցիան կավարտվի։

Հիշեցնենք, որ երեկ ժողովրդական բողոքի ակցիաներից հետո ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց, որից հետո Նիկոլ Փաշինյանն ապրիլի 25-ին բանակցությունների հրավիրեց վարչապետի պարտականությունները ժամանակավորապես ստանձնած Կարեն Կարապետյանին։

Բանակցությունը նախանշված է ապրիլի 25-ին, ժամը 11։00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։