Կարապետյանը ներքաղաքական հարցեր է քննարկել Ռուբեն Վարդանյանի ու Նուբար Աֆեյանի հետ

Վարչապետի պաշտոնակատարը հանդիպում է ունեցել IDeA հիմնադրամի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Նուբար Աֆեյանին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Վարդանյան. «Պետք է աշխատել, որ երեկվա արդյունքը 1991 թ–ի չիրագործված երազանքի պես չլինի»

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին:

Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը ներկայացրել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի կողմից Հայաստանի տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ և առաջիկա ծրագրերը և նախաձեռնությունները, այդ թվում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակներում առաջիկայում կայանալիք միջոցառման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։