Ադրբեջանը չպետք է որևէ պատրանք ունենա. Կարեն Կարապետյան

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, շնորհակալություն հայտնել իրավապահներին, կարևորել կարգ ու կանոնի վերականգնումը, խոսել շփման գծի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Հայաստանի կառավարությունում Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։

Շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ. տեսանյութ

Նիստը վարող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել զինվորներին, սպաներին ու մարտական հերթապահություն իրականացնող ուժերին՝ իրենց առաքելությունն ամեն օր անկախ ցանկացած զարգացումից՝ պատասխանատվությամբ կատարելու համար։

Անդրադառնալով սահմանին ադրբեջանական զինված ուժերի և զինտեխնիկայի ակտիվ շարժի մասին տեղեկություններին` Կարեն Կարապետյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ավանտյուրաների ու լարվածության ավելացման դեմ արդեն կոչով հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները։

«Հայկական երկու հանրապետությունների քաղաքական ղեկավարությունը և զինված ուժերը պատրաստ են զինադադարի ռեժիմի ցանկացած խախտմանը կամ դրա փորձին՝ համարժեք արձագանքելու և զսպելու գործողությունների։ Հակառակորդը չպետք է որևէ պատրանք ունենա այս առումով»,- ասել է Կարապետյանը։

Անդրադառնալով անցած օրերին ՀՀ ոստիկանության աշխատանքին, վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին` իրենց նվիրումի ու հանդուրժողականության համար:

«Այսօրվանից սկսած` հասարակական բնականոն կարգը և կանոնները պետք է վերականգնվեն և պահպանվեն»,- ասել է նա։

Ի՞նչ է կատարվում սահմանին. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է ներկայացրել

Նրա խոսքով` Ազգային անվտանգության ծառայությունը ևս զգոնություն է ցուցաբերել ու պատշաճ կատարել իր պարտականությունները։ «Հայտնի է, որ որոշ ուժեր փորձել են օգտվել մեր երկրում առկա ակտիվ գործընթացներից։ Շարունակելու ենք լինել խիստ և վճռական պետական անվտանգության պահպանության հարցերում»,- ասել է Կարապետյանը։

Հաղորդագրության համաձայն` անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ազգային անվտանգության ծառայության պետ Գեորգի Կուտոյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: