ԵՄ–ն Հայաստանին կօգնի ժողովրդավարությունն ամրապնդելու հարցում

Հայաստանում ծավալված իրադարձությունները ցույց տվեցին, որ ժողովրդավարության ամրապնդումն ու կոռուպցիայի դեմ պայքարը հայերի համար կարևոր են, կարծում է ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Եվրոպական միությունն աջակցելու է Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, մեկնաբանելով երկրում ստեղծված իրավիճակը` լրագրողներին ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։

«Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ արժեքները շատ թանկ են հասարակ քաղաքացիների համար», — ասաց Սվիտալսկին։

Նրա խոսքով` ԵՄ-ն Հայաստանի հետ է լինելու ամբողջ ճանապարհին։

Սվիտալսկին նաև նշեց, որ ԵՄ-ն աջակցում է բոլոր այն ուժերին, որոնք նպաստեցին երկրում ստեղծված ճգնաժամի հաղթահարմանը։

Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։