Սերժ Սարգսյանի հրաժարականն անսպասելի էր Վարդան Արամյանի համար

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարը Սերժ Սարգսյանի հրաժարականն անսպասելի, բայց մեծ քայլ է համարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Վարչապետի հրաժարականը սպասելի չէր, բայց մեծ քայլ էր։ Այսօր լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ասաց ՀՀ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Արամյանը։

«Մենք խուսափեցինք բախումներից և ցավալի իրադարձություններից»,- ասաց նա։

Իր հետագա պաշտոնավարման մասին հարցին Արամյանը հրաժարվեց պատասխանել` նշելով, որ ժամանակը ցույց կտա։

Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։