Ինչու Սերժ Թանկյանը Հայաստան չեկավ

Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանը հայտարարել էր, որ կգա Հայաստան, բայց չեկավ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Համաշխարհային ճանաչում ունեցող System Of A Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ պարզաբանել է, թե ինչու չի եկել Հայաստան։

«Ես շատ հիվանդ էի և չէի կարող ճանապարհորդել»,- գրել է Թանկյանը` միաժամանակ խոստանալով ապաքինվելուց հետո առաջիկայում այցելել Հայաստան։

Երգիչն իր աջակցությունն էր հայտնել Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող բողոքի ակցիաներին։ Նա Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքին ներկա քաղաքացիներին իր տեսաուղերձում խոստացել էր գալ Հայաստան։ Ավելի ուշ, սակայն, հայտնի դարձավ, որ երգչի այցն անորոշ ժամանակով հետաձգվում է։

Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։