Կարապետյանն ասել է` Հայաստանի իրավիճակն ինչպես կանդրադառնա ներդրումային ծրագրերի վրա

«Տաշիր Գրուպի» սեփականատեր, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ քննարկել է երկրի ներքաղաքական իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Հայաստանում ներդրումային բոլոր ծրագրերը շարունակական կլինեն, ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը։

Կրեմլում տեղին չեն համարում Երևանի ու Կիևի միջև զուգահեռներ տանելը

Քննարկվել է հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը, անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի գործարար միջավայրին և տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են, մասնավորապես, «Հայաստանի ներդրողների ակումբի» կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը: Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ բոլոր մեկնարկած ծրագրերը լինելու են շարունակական:

«Հայաստանի ներդրողների ակումբը» հիմնվել է 2017 թվականի հունվարի 25-ին վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ։ Կառավարության ղեկավարն այն ժամանակ ասում էր, որ 2017 թվականի ընթացքում 840 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ ծրագիր է իրականացվելու։

Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։