ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Կրեմլում տեղին չեն համարում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և Ուկրաինայի պետական հեղաշրջման միջև զուգահեռներ տանելը։ Այս մասին լրագրողներին է ասել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ես զուգահեռներ չէի անցկացնի, քանի որ բոլորովին տարբեր իրավիճակ է։ Հազիվ թե այստեղ հնարավոր լինի ուղիղ զուգահեռներ տանել։ Իհարկե, դեռ պետք է վերլուծել իրավիճակը։ Եվս մեկ անգամ կրկնում եմ` մենք շատ ուշադիր հետևում ենք։ Բայց այսօր կարող եմ ասել, որ Ուկրաինայի հետ ասոցացնելը տեղին չէ», — ասել է Պեսկովը։
Նա նաև հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ չի ունեցել ո՛չ պաշտոնը լքած ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ կառավարության ղեկավարի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ։
«Ոչ, նախագահը դեռ շփում չի ունեցել», — ասել է Պեսկովը։
Նա հիշեցրել է, որ երկուշաբթի երեկոյան հեռախոսով զրուցել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը։
«Այն ամենը, ինչ տեղի է ունենում Երևանում, մեր հայ բարեկամների, գործընկերների և դաշնակիցների ներքին գործն է։ Հայաստանը մեր շատ արժեքավոր գործընկերն է, որի հետ մենք լայն կապեր ունենք և՛ տնտեսական, և՛ մշակույթի ոլորտում և այլն», — ավելացրել է Պեսկովը։
Նա հույս է հայտնել, որ երկրում կպահպանվի կարգուկանոնը, կայունությունը և տեսանելի հեռանկարում կերևան քաղաքական այն կոնֆիգուրացիայի եզրագծերը, որը հայ ժողովուրդը ներկայացնող բոլոր ուժերի կոնսենսուս կդառնա։