Նիկոլ Փաշինյանը պատրաստ է դառնալ Հայաստանի վարչապետ, եթե ժողովուրդը ցանկանա

Հայաստանի վարչապետը պետք է լինի ժողովրդի ներկայացուցիչը, այլ ոչ թե Հանրապետական կուսակցության։ Նման հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. «Իմ քայլը» ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է դառնալ Հայաստանի վարչապետ, եթե ժողովուրդն իր վրա նման պատասխանատվություն դնի։ Այդ մասին նա ասաց Երևանում արտասահմանյան ԶԼՄ-ների համար նախատեսված մամուլի ասուլիսում։

Հայաստանի և Ռուսաստանի միջև կան խնդիրներ, բայց դրանք լուծելի են. Փաշինյան

«Ամենայն հավանականությամբ այդպես էլ կլինի», — ասաց նա։
Վարչապետի թեկնածուին պետք է առաջադրի ժողովուրդը։ Փաշինյանի խոսքով` նման թեկնածուն չի կարող լինել Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։
«ՀՀԿ-ի կառավարման ժամանակաշրջանն ավարտվեց։ Նրանք չպետք է փորձեն պահպանել իշխանությունը, նրանք պետք է խաղաղ և առանց ցնցումների հանձնեն այն», — հավելեց Փաշինյանը։
Նա նշեց, որ վաղվանից «Իմ քայլը» կվերսկսի իշխանության հետ բանակցությունները։ Իսկ ընդդիմությունը կվերսկսի իր գործողությունները։

Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։