Հայոց ցեղասպանությունն ընդմիշտ կմնա ժողովուրդների սրտերում. Վոլինկին

Մարդկությունը պետք է իմանա, թե ինչ է տեղի ունեցել հայ ժողովրդի հետ ավելի քան 100 տարի առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Հայ ժողովրդի ողբերգությունը` Հայոց ցեղասպանությունը, ընդմիշտ կմնա ժողովուրդների սրտերում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի նախկին դեսպան Իվան Վոլինկինը, որը Ծիծեռնակաբերդ էր եկել հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերին։

ՀՀ նախագահը Ծիծեռնակաբերդ այցելեց Արցախի նախագահի հետ. լուսանկարներ

«Ես արդեն հինգերորդ անգամ եմ մասնակցում այս հիշարժան միջոցառմանը։ Դժվար է խոսել այն մասին, ինչը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ։ Սա մեծ ողբերգություն է, հայ ժողովրդի ողբերգությունը, ամբողջ աշխարհի ողբերգությունը։ Մենք պետք է հարգանքի տուրք մատուցենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և ցույց տանք բոլորին, որ նման բան երբեք չպետք է կրկնվի», — ասաց Վոլինկինը։

Նրա խոսքով` բոլորը պետք է հիշեն այս օրը, պետք է ճանաչեն այն, ինչ տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ։ Այս ողբերգությունը բոլոր ժողովուրդների հիշողության մեջ կմնա հավերժ։

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 45-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։