Նոր կուտակումներ առաջնագծում, ինչի՞ է նախապատրաստվում Ադրբեջանը

Վերջին օրերին շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր ու կուտակումներ են նկատվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Այսօր` ապրիլի 24-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նոր տեսագրություն է հրապարակել, որտեղ երևում են Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման առաջնագծում ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժերն ու կուտակումները։

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարարությունը նաև ապրիլի 22-ին և 23–ին էր տեսանյութեր հրապարակել շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժերի ու կուտակումների մասին, ինչպես նաև անդրադարձել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը՝ նշելով, որ առաջնագծում տիրող լարված իրադրության մասին ապրիլի 21-ին ԱՀ ՊՆ տարածած տեղեկատվությունը կեղծ և զանգվածային հուզումներից հանրության ուշադրությունը շեղող որակելու Ադրբեջանի ՊՆ գործելաոճը լիովին սպասելի էր ու ամբողջովին տեղավորվում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրած մարտավարության մեջ:

Իսկ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանելով արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը` ասել է, որ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների ֆոնին Ադրբեջանը Արցախի հետ շփման գծի երկայնքով կենդանի ուժի, հրետանու և զինտեխնիկայի կուտակումներ է իրականացնում, ինչն առիթ է տալիս ենթադրելու Բաքվի կողմից հնարավոր նոր արկածախնդրության նախապատրաստման մասին։

Նոր տեսանյութ` շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների մասին

Նա կոչ է արել միջազգային հանրությունը` առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին համապատասխան ջանքեր գործադրել Բաքվին զսպելու, առաջնագծից ադրբեջանական զինտեխնիկան, հրետանին և զինված ուժերը հետ քաշելու և 1994-1995 թթ. զինադադարի համաձայնագրերն անշեղ իրագործելու ուղղությամբ։

«Շարունակում ենք համոզված լինել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ բանակցային լուծումն այլընտրանք չունի։ Ուժի կիրառումը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել ողջ տարածաշրջանի համար»,- նշել է Նալբանդյանը։

Նա նաև ասել է որ Ադրբեջանը չպետք է պատրանքներ տածի, թե Հայաստանում ներքաղաքական զարգացումների պայմաններում կարող է ոտնձգություն կատարել Արցախի դեմ և իրականացնել իր ագրեսիվ մտադրությունները։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության հարցում հայ ժողովուրդը միահամուռ է և թույլ չի տա Արցախի նկատմամբ որևէ ոտնձգություն։

Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հաստատակամ կանգնած է Արցախի թիկունքին և վճռական է ապահովելու նրա անվտանգությունը։