Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանն անդրադարձել է հայաստանյան զարգացումներին

Հայտնի ամերիկահայ գործարար, թենիսիստուհի Սերեն Ուիլյամսի ամուսին Ալեքսիս Օհանյանը հայտնել է, թե երբ է Հայաստան գալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը Instagram–ի իր էջում լուսանկար է հրապարակել, որը նա արել է Երևանում գտնվող ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։

«Զարմանալի տեսարան Երևան իմ վերջին այցելությունից` ԹՈՒՄՈ–ի նոր սերնդի վարպետները։ Այս նույն երիտասարդությունը երեք տարի անց խաղաղ ցույց է կազմակերպում», – գրել է Օհանյանը։

 

Նա հույս է հայտնել, որ իր հայ եղբայրներն ու քույրերը անվտանգության մեջ կլինեն։ Օհանյանն ավելացրել է նաև, որ անհամբեր սպասում է այս ամառ իր Հայաստան այցին։

Գրառմանն աջակցել են Օհանյանի բաժանորդները։ 9 ժամվա ընթացքում այն ավելի քան 3.5 հազար «լայք» է ստացել։

Ալեքսիս Օհանյանը ծնվել է 1983 թվականի ապրիլի 24-ին Բրուքլինում (Նյու Յորք)։ Վաղ տարիքից նա իր կյանքը կապել է վեբ-դիզայնի և ծրագրավորման աշխարհի հետ։