Քեզ հետ եմ, իմ հայ ազգ. Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է հայաստանյան դեպքերին

Հանրահայտ ֆուտբոլիստը Հայաստանում ծավալված իրադարձությունների կապակցությամբ գրառում է թողել Ֆեյսբուք սոցիալական ցանցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և լոնդոնյան «Արսենալի« ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր ժողովրդի կողքին է։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ես իմ ժողովրդի զավակն եմ և հպարտ եմ դրանով: Ցանկացած հայի կյանքը ինձ համար ամեն ինչից թանկ է: Ուստի բոլորին խնդրում եմ և կոչ եմ անում ցուցաբերել խոհեմություն և խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով: Քեզ հետ եմ, իմ հայ ազգ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ շաբաթ է` ՀՀ-ում ցույցեր են ընթանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ապրիլի 22-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և բողոքի ակցիաների կազմակերպիչ, «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի ձախողված բանակցություններից հետո բողոքի ցույցերն ավելի մեծ թափ ստացան։ Երևանի Արցախի փողոցում բախումներ սկսվեցին ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև, ինչից հետո ակցիայի կազմակերպիչներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին բերման ենթարկեցին, ապա ձերբակալվեցին։ Դատախազության տարածած հայտարարության համաձայն` նրանք բռնվել են հանրորեն վտանգավոր արարքների կատարման պահին, մասնավորապես՝ ապրիլի 13-ից կազմակերպել և անցկացրել են հավաքներ՝ անտեսելով լիազոր մարմնի՝ Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված սահմանափակումները: