Հանրապետական կուսակցությունը չի բացառում, որ կառաջադրի վարչապետի իր թեկնածուին

Սերժ Սարգսյանը կշարունակի ղեկավարել Հանրապետական կուսակցությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Սերժ Սարգսյանի հրաժարականը խելամիտ և իմաստուն քայլ էր։ Լրագրողների հարցերին պատասխանելիս Սերժ Սարգսյանի հրաժարականի որոշումը այսպես է մեկնաբանել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Բոլոր մնացած խնդիրներից խուսափելու համար ավելի բարձր նա գնահատեց իր պետության շահերը, քան իր անձնական շահը: Սա քաղաքական գործչի, պետական գործչի կատարած քայլ էր:

Բակո Սահակյանը Լևոն–Տեր Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ է հանդիպել
 Քաղաքական գործընթաց է․ կսպասենք, կհետեւենք զարգացումներին»,- ասել է խմբակցության ղեկավարը՝ նշելով, որ վերջին օրերին ՀՀԿ-ում տեղի ունեցող քննարկումներից հետո ՀՀ նախկին վարչապետի հրաժարականն իր համար անսպասելի չէր։ Ըստ նրա` հակառակ քայլը, որն ուժի կիրառումն էր լինելու, կարող էր շատ վատ հետևանքներ ունենալ, ինչին Սարգսյանը չգնաց։

Վահրամ Բաղդասարյանը նաև նշել է, որ Սերժ Սարգսյանը շարունակելու է լինել ՀՀԿ ղեկավարն ու առաջնորդը։

Խոսելով բանակցությունների և սեփական թեկնածուին առաջադրելու մասին` վահրամ Բաղդասարյանը նշել է, թե քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել: Այսօր դեռևս Հանրապետական կուսակցությունը շարունակում է քաղաքական մեծամասնություն մնալ, ուստի ըստ այդմ կորոշի, թե ինչ թեկնածու առաջադրի։ Ամեն դեպքում թեկնածուն պետք է որոշի Ազգային ժողովը: Իսկ բանակցությունները սկսվելու են ապրիլի 25-ից։