Ի՞նչ է կատարվում սահմանին. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է ներկայացրել

Արցախի պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութում երևում է ադրբեջանական զինուժի տեղաշարժը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Ապրիլի 23-ի ժամը 13:35-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակաընթացքում առաջնային գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կուտակումների ու տեղաշարժերի մասին տեսագրությունը հրապարակվել է Արցախի պաշտպանության նախարարության պաշտոնական էջում։

Նշենք, որ Արցախի ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 21-ից արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը:

Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավարևելյան ուղղություններում, նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադրությամբ հետևում են հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմում իրավիճակից բխող քայլերի:

Որոշ օգտատերեր համացանցային տիրույթում փորձել էին կասկածի տակ դնել վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների ու տեղաշարժերի վերաբերյալ հաղորդագրության իսկությունը: Նշված օգտատերերի «կասկածը փարատելու» համար ԱՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեսանյութեր է հրապարակում։