ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Այսօր առավոտից Երևանի փողոցներում ընթացող երիտասարների բողոքի երթին են միացել են զինվորական համազգեստով մի քանի տասնյակ երիտասարդներ։
Սպիտակ խալաթներով երթի դուրս եկած ու երթն առաջնորդող Երևանի բժշկական համալսարանի ուսանողներն իրենց տեղը զիջեցին զինվորական համազգեստով իրենց հասակակիցներին` հայտարարելով, որ երթի դիմացից պիտի քայլեն զինվորական համազգեստովները։
Առայժմ Պաշտպանության նախարարությունը այս թեմայով որևէ մեկնաբանություն չի տալիս։
Երևանի կենտրոնից, բուհերից մեկնարկած ուսանողական երթն անցավ Աբովյան, Սայաթ Նովա, Մաշտոցի, Խանջյան փողոցներով։ Երթի հետագա ուղղությունը չի հայտարարվում։
Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթից ավելի է ՀՀ–ում ցույցեր են ընթանում` ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։
Ապրիլի 22–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և բողոքի ակցիաների կազմակերպիչ, «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի ձախողված բանակցություններից հետո, բողոքի ցույցերն ավելի մեծ թափ ստացան։
Արցախի փողոցում բախումներ սկսվեցին ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև, ինչից հետո ակցիայի կազմակերպիչներին` Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին բերման ենթարկեցին, ապա ձերբակալվեցին։
Դատախազության տարածած հայտարարության համաձայն` նրանք բռնվել են հանրորեն վտանգավոր արարքների կատարման պահին, մասնավորապես՝ ապրիլի 13-ից կազմակերպել և անցկացրել են հավաքներ՝ անտեսելով լիազոր մարմնի՝ Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված սահմանափակումները:
Իսկ 2018թ. ապրիլի 19-ից 22-ը Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպել են հավաքներ, որոնց մասին օրենքով սահմանված կարգով չեն իրազեկել լիազոր մարմնին:Հանրապետության հրապարակում երեկ հանրահավաքը կայացել է առանց կազմակերպիչների։