Հայտնի է` ով կփոխարինի Սերժ Սարգսյանին

Տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ, որի ժամանակ Սերժ Սարգսյանը հաստատել է իր լիազորությունների կատարման անհնարինությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Այսօր տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ, որը վարել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Կառավարություն ունենք, վարչապետ չունենք. ՀՀ գործադիրում տարօրինակ վիճակ է

Արտահերթ նիստում՝ համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 14-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ փաստեց վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի՝ «Վարչապետի բացակայության և լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետին փոխարինելու կարգը սահմանելու մասին» N 412-Լ որոշման հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը:

Ըստ այդմ, Սերժ Սարգսյանի լիազորությունները ստանձնում է Կարեն Կարապետյանը։

Նշենք, որ այսօր ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեց «Իմ քայլը» բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Հազարավոր ցուցարարների ուղեկցությամբ նա շարժվեց Հանրապետության հրապարակ և հայտարարեց, որ երեկոյան հանրահավաք կանցկացվի։ Փաշինյանի հայտարարությունից կես ժամ անց ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակեց Սերժ Սարգսյանի ուղերձը ժողովրդին, որում նա հայտարարեց իր հրաժարականի մասին։