ԿԳՆ–ն կոչով դիմել է ցույցերին մասնակցող դպրոցականներին ու ծնողներին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը աշակերտներից պահանջել է այնպիսի քայլեր չանել, , որոնք կարող են անհանգստություն պատճառել ծնողներին ու ուսուցիչներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված իրադրությունը և նկատի ունենալով, որ զանգվածային երթերին մասնակցում են դպրոցահասակ երեխաներ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է ակցիաների կազմակերպիչներին և մասնակիցներին՝ զերծ մնալ կրթական գործընթացի տապալման փորձերից և անչափահասներին քաղաքական գործընթացներում ներգրավելու նախաձեռնությունից:

Ցուցարարներին միացած խաղաղապահները խստորեն կպատժվեն. ՊՆ

«Հարգելի՛ ծնողներ, դպրոցահասակների տարերային մասնակցությունը զանգվածային միջոցառումներին կարող է տարատեսակ վտանգավոր իրավիճակներ ստեղծել՝ երեխաների անվտանգության և առողջության տեսանկյունից: Ուստի, խնդրում ենք ուշադիր լինել, որ երեխաները բնականոն ռեժիմով հաճախեն դպրոց և մասնակցեն ուսումնական գործընթացին, ինչպես նաև տեղեկացված լինել նրանց գտնվելու վայրի և հնարավոր նախաձեռնություններին մասնակից դառնալու մտադրությունների մասին»,- նշված է հայտարարության մեջ:

ԿԳՆ-ն դիմել է նաև աշակերտներին` պահանջելով չանել քայլեր, որոնք կարող են վտանգել նրանց անվտանգությունը և անհանգստություն պատճառել ծնողներին ու ուսուցիչներին:

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ շաբաթ է` ՀՀ-ում ցույցեր են ընթանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ապրիլի 22-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և բողոքի ակցիաների կազմակերպիչ, «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի ձախողված բանակցություններից հետո բողոքի ցույցերն ավելի մեծ թափ ստացան։

Երևանի Արցախի փողոցում բախումներ սկսվեցին ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև, ինչից հետո ակցիայի կազմակերպիչներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին բերման ենթարկեցին, ապա ձերբակալվեցին։

Դատախազության տարածած հայտարարության համաձայն` նրանք բռնվել են հանրորեն վտանգավոր արարքների կատարման պահին, մասնավորապես՝ ապրիլի 13-ից կազմակերպել և անցկացրել են հավաքներ՝ անտեսելով լիազոր մարմնի՝ Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված սահմանափակումները: