Ձերբակալվել է 11 ցուցարար

ՀՔԾ–ն նոր տվյալներ է հայտնել ձերբակալվածների մասին։ Նրանց թիվն անցել է 4 տասնյակից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ևս 11 ցուցարար։ Հայտնում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը։

Նրանք կասկածվում են օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու, ինչպես նաև զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու մեջ։

Ցուցարարներին միացած խաղաղապահները խստորեն կպատժվեն. ՊՆ

Քրեական գործի նյութերի համաձայն` ձերբակալված քաղաքացիներն ակտիվորեն մասնակցել են 2018թ. ապրիլի 13-ից անցկացվող հավաքներին, արգելափակել պետական մարմինների շենքերի մուտքերը, ներխուժել հատուկ պահպանվող շենքերի տարածք` տևական ժամանակով խախտելով դրանց բնականոն աշխատանքն ու վտանգելով հասարակական անվտանգությունը, փակել պողոտաներ և փողոցներ, բռնություն կիրառել ոստիկանության ծառայողների ու այլ անձանց նկատմամբ:

2018թ.-ի ապրիլի 23-ի դրությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործով ձերբակալվածների թիվը հասել է 41–ի:

Նրանց թվում են նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը, հավաքների կազմակերպիչներ Տիգրան Մազմանյանը, Արմեն Գրիգորյանը և Դավիթ Սանասարյանը, Գոռ Միրզոյանը, Էրիկ Խաչատրյանը, Հայկարամ Մնացականյանը և Գևորգ Մանուկյանը:

Ձերբակալվածների 4-ը` Տիգրան Մազմանյանը, Գոռ Միրզոյանը, Հայկարամ Մնացականյանը և Էրիկ Խաչատրյանը մեղադրյալի, իսկ մնացածը` դեռևս կասկածյալի կարգավիճակում են:

Ընդ որում, նրանցից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Էրիկ Խաչատրյանի նկատմամբ` հսկողության հանձնելու մասին խափանման միջոցը, քանի որ նա անչափահաս է: