Ցուցարարներին միացած խաղաղապահները խստորեն կպատժվեն. ՊՆ

Ցուցարարներին միացած զինվորականների վերաբերյալ հայտարարություն է տարածել ՊՆ–ն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների մասնակցությունը ապրիլի 23-ին Երևանում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքին։ Այս մասին նշված է ՊՆ-ի հայտարարության մեջ։

Կարեն Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ կարևոր հայտարարություն արեց

«Այդ զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառելու է ամենախիստ պատասխանատվության միջոցները, քանի որ ՀՀ զինված ուժերի զինծառայողների կողմից ցանկացած հավաքներին մասնակցելու կամ դրանք կազմակերպելու ազատության իրավունքի իրականացման սահմանափակումները սահմանված են Սահմանադրության 44-րդ հոդվածի 2-րդ մասում, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ու 8-րդ հոդվածի 2-րդ մասում, «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետում»,- նշված է հայտարարության մեջ:

Նշենք, որ այսօր առավոտից Երևանի փողոցներում ընթացող երիտասարների բողոքի երթին էին միացել զինվորական համազգեստով մի քանի տասնյակ երիտասարդներ։ Սպիտակ խալաթներով երթի դուրս եկած ու երթն առաջնորդող Երևանի բժշկական համալսարանի ուսանողներն իրենց տեղը զիջել էին զինվորական համազգեստով իրենց հասակակիցներին` հայտարարելով, որ երթի դիմացից պիտի քայլեն զինվորական համազգեստովները։

Երևանի փողոցներում ընթացող բողոքի երթին են միացել զինվորական համազգեստով երիտասարդներ

Հիշեցնենք, որ արդեն ավելի քան մեկ շաբաթ է` ՀՀ-ում ցույցեր են ընթանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ապրիլի 22-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և բողոքի ակցիաների կազմակերպիչ, «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի ձախողված բանակցություններից հետո բողոքի ցույցերն ավելի մեծ թափ ստացան։

Երևանի Արցախի փողոցում բախումներ սկսվեցին ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև, ինչից հետո ակցիայի կազմակերպիչներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին բերման ենթարկեցին, ապա ձերբակալվեցին։

Դատախազության տարածած հայտարարության համաձայն` նրանք բռնվել են հանրորեն վտանգավոր արարքների կատարման պահին, մասնավորապես՝ ապրիլի 13-ից կազմակերպել և անցկացրել են հավաքներ՝ անտեսելով լիազոր մարմնի՝ Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված սահմանափակումները: