Հայ ժողովուրդը միահամուռ է և թույլ չի տա Արցախի նկատմամբ որևէ ոտնձգություն. Նալբանդյան

Ադրբեջանը Արցախի հետ շփման գծի երկայնքով կենդանի ուժի, հրետանու և զինտեխնիկայի կուտակումներ է իրականացնում: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խոսել է արցախա-ադրբեջանական շփման գծի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների ֆոնին Ադրբեջանը Արցախի հետ շփման գծի երկայնքով կենդանի ուժի, հրետանու և զինտեխնիկայի կուտակումներ է իրականացնում, ինչն առիթ է տալիս ենթադրելու Բաքվի կողմից հնարավոր նոր արկածախնդրության նախապատրաստման մասին։ Այս մասին նշված է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանության մեջ։

Նոր տեսանյութ` շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների մասին

Նախարարի խոսքով` միջազգային հանրությունը` առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, պետք է համապատասխան ջանքեր գործադրեն Բաքվին զսպելու, առաջնագծից ադրբեջանական զինտեխնիկան, հրետանին և զինված ուժերը հետ քաշելու և 1994-1995 թթ. զինադադարի համաձայնագրերն անշեղ իրագործելու ուղղությամբ։

Նալբանդյանը նշել է` շարունակում ենք համոզված լինել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ բանակցային լուծումն այլընտրանք չունի։ Ուժի կիրառումը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել ողջ տարածաշրջանի համար։

«Ադրբեջանը չպետք է պատրանքներ տածի, թե Հայաստանում ներքաղաքական զարգացումների պայմաններում կարող է ոտնձգություն կատարել Արցախի դեմ և իրականացնել իր ագրեսիվ մտադրությունները։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության հարցում հայ ժողովուրդը միահամուռ է և թույլ չի տա Արցախի նկատմամբ որևէ ոտնձգություն»,- շեշտել է Նալբանդյանը։

Ըստ նախարարի` Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հաստատակամ կանգնած է Արցախի թիկունքին և վճռական է ապահովելու նրա անվտանգությունը։