ԱԺ նախագահը հուսով է, որ իր խնդրանքը ձերբակալված պատգամավորները չեն մերժի

Արա Բալոյանն իր գործընկերներին այցելել է նախևառաջ որպես բժիշկ, որպես պապիկ, որպես սրտացավ ընկեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Արա Բաբլոյանը լիահույս է, որ իր խնդրանքն ինչ-որ բան կարժենա իր ձերբակալված գործընկերների համար։ Այս մասին ասաց ԱԺ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը` երեկ գիշեր ԱԺ նախագահի` իր ձերբակալված գործընկերների հետ հանդիպումից հետո։ Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը երեկ գիշեր` Երևան վերադառնալուց անմիջապես հետո հանդիպել է ԱԺ «Ելք» խմբակցության ձերբակալված պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին:

Արա Բաբլոյանը հանդիպել է ձերբակալված պատգամավորներին

«ԱԺ նախագահն իր գործընկերներին այցելել է նախ որպես բժիշկ, որպես պապիկ, որպես սրտացավ ընկեր։ Արա Բաբլոյանը լիահույս է, որ իր խնդրանքն ինչ-որ բան կարժենա իր գործընկերների համար», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Արա Բաբլոյանը նպատակ ունի խնդրել ու հորդորել իր գործընկերներին, որպեսզի տեղի ունենան իրական բանակցություններ` իրական բանակցային օրակարգով, բանակցություններ վարելու բնականոն միջավայրում:

Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 22–ին, ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը նախ հեռացվել էին հավաքի վայրից, ապա հայտարարվեց, որ նրանք ձերբակալվել են:Դատախազության տարածած հայտարարության համաձայն` նրանք բռնվել են հանրորեն վտանգավոր արարքների կատարման պահին, մասնավորապես՝ ապրիլի 13-ից կազմակերպել և անցկացրել են հավաքներ՝ անտեսելով լիազոր մարմնի՝ Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված սահմանափակումները: Իսկ 2018թ. ապրիլի 19-ից 22-ը Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպել են հավաքներ, որոնց մասին օրենքով սահմանված կարգով չեն իրազեկել լիազոր մարմնին: