Արա Բաբլոյանը հանդիպել է ձերբակալված պատգամավորներին

Արա Բաբլոյանը նպատակ ունի խնդրել ու հորդորել իր գործընկերներին, որպեսզի տեղի ունենան իրական բանակցություններ` իրական բանակցային օրակարգով, բանակցություններ վարելու բնականոն միջավայրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Այս գիշեր Երևան վերադարձած ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվել է հանդիպելու ձերբակալված ՀՀ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի հետ:

Ձերբակալված պատգամավորների կողմից բարձրացվել է ռադիոընդունիչ ունենալու հարց. ՄԻՊ

Այս մասին ֆեսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։«Երևան վերադարձած ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այս պահին «Զվարթնոց»օդանավակայանից ուղևորվում է հանդիպելու ՀՀ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ: Արա Բաբլոյանը նպատակ ունի խնդրել ու հորդորել իր գործընկերներին, որպեսզի տեղի ունենան իրական բանակցություններ` իրական բանակցային օրակարգով, բանակցություններ վարելու բնականոն միջավայրում»,–գրել է նա:Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 22–ին, ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը նախ հեռացվել էին հավաքի վայրից, ապա հայտարարվեց, որ նրանք ձերբակալվել են:

Դատախազության տարածած հայտարարության համաձայն` նրանք բռնվել են հանրորեն վտանգավոր արարքների կատարման պահին, մասնավորապես՝ ապրիլի 13-ից կազմակերպել և անցկացրել են հավաքներ՝ անտեսելով լիազոր մարմնի՝ Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված սահմանափակումները: Իսկ 2018թ. ապրիլի 19-ից 22-ը Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպել են հավաքներ, որոնց մասին օրենքով սահմանված կարգով չեն իրազեկել լիազոր մարմնին: