Հավաքից հեռացված Փաշինյանը ֆեյսբուքում հայտարարություն է տեղադրել

ԱԺ պատգամավորների գտնվելու վայրն ու կարգավիճակն անհայտ է: Փաշինյանը համախոհներին ու պետական պաշտոնյաներին է դիմել ֆեյսբուքով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Երևանի Էրեբունի համայնքում ընթացող հանրահավաքից հեռացվելուց հետո Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որտեղ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին կոչ է անում դուրս գալ փողոց ու ապակենտրոնանալ:

Բերման է ենթարկվել 49 անձ, Փաշինյանի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ

Նիկոլ Փաշինյանն իր խոսքն է ուղղել նաև քաղաքական ուժերին: «Իրենց ընդդիմադիր համարող բոլոր քաղաքական ուժերին. կոչ արեք մարդկանց դուրս գալ փողոց»,- նշում է Փաշինյանը` հավելելով, որ լռողներն ու տուն գնալու կոչ անողները վնասում են Հայաստանին:

Իսկ նախարարներին, վարչությունների պետերին, ՀՀԿ պատգամավորներին ու ոստիկանության ղեկավարներին Փաշինյանը հորդորում է հրաժարական ներկայացնել ու չկիսել բռնությունների պատասխանատվությունը։

Հիշեցնենք, որ այսօր 12:30-ի սահմաններում ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով՝ Արցախի փողոցից հեռացրեց հավաքների բոլոր կազմակերպիչներին ու ակտիվիստներին, որոնց թվում՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին:

Պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ իր մտերիմների միջոցով տեղեկացրել է, որ ինքն այս պահին գտնվում է Ոստիկանության Շենգավիթի բաժանմունքում:

ԱԺ պատգամավորներն ունեն պատգամավորական անձեռնմխելիություն: Նրանց ազատությունից զրկելու համար ԱԺ-ն պետքն է արտահերթ նիստ գումարի և դատախազության ներկայացրած նախագծի վերաբերյալ որոշում կայացնի: