Գարիկ Մարտիրոսյանը հորդորում է հարգել ժողովրդին և արյունահեղություն թույլ չտալ

Ռուսաստանաբնակ հայազգի հանդիսավարը նշել է, որ սիրում է իր հայրենիքը և անհանգստանում է դրա ներկայի ու ապագայի համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի հանդիսավար Գարիկ Մարտիրոսյանը ևս անտարբեր չէ հայաստանյան իրադարձությունների նկատմամբ: Նա Instagram-ի իր էջում արձագանքնել է այս օրերին Երևանում և Հայաստանի տարբեր մազերում ժողովրդական հանրահավանքներին ու բողոքի ցույցերին՝ նշելով, որ լրջորեն անհանգստացած է երկրի ներկայի և ապագայի համար:

Կոչ եմ անում զերծ մնալ իրավիճակը լարելու փորձերից և դրսևորել զսպվածություն. Սարգսյան

«Ողջույն բոլորին: Ինչպես հայրենիքի սահմաններից դուրս ապրող իմ հայրենակիցներից շատերը, այնպես էլ ես անհանգստությամբ եմ հետևում Հայաստանում ծավալվող իրադարձություններին: Ես չեմ կարող և չեմ ցանկանում անտարբեր մնալ, քանի որ սիրում եմ իմ հայրենիքը և շատ եմ անհանգստանում դրա ապագայի համար, որը կապված է ներկայի հետ:

Իսկ մեր ներկան այսօրվա դրությամբ այսպիսին է՝ արդեն 7 օր է՝ Երևանում և երկրի շատ ուրիշ քաղաքներում մեծ թվով քաղաքացիներ արտահայտում են իրենց բողոքը: Ես ոչ քաղաքագետ եմ, ոչ քաղաքական գործիչ, ոչ չինովնիկ և այդ պատճառով կարող եմ մտածել միայն որպես հասարակ քաղաքացի»,- նշել է հանդիսավարը:

Նա հավելել է, որ չնայած մեկշաբաթյա բողոքն անցնում է խաղաղ, սակայն օրեցօր կրքերն ավելի են բորբոքվում, մարդիկ անհանգստացած են, և պատկան կառույցների յուրաքանչյուր սխալ քայլ կարող է անդառնալի ողբերգական հետևանքներ ունենալ:

Ուստի Գարիկ Մարտիրոսյանը հորդորում է բոլոր նրանց, ովքեր կարող են ազդել իրադարձությունների հետագա զարգացումներին, մեծ պատասխանատվությամբ վերաբերվել մարդկանց ճակատագրերին, լինել իմաստուն, հավասարակշիռ, հարգել ժողովրդին և արյունահեղություն թույլ չտալ:

Ամեն դեպքում նա լավատեսորեն է տրամադարված և հույս է փայփայում, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի: Գարիկը հավատում է Հայաստանին և հայ ժողովրդին: