Ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կուտակում Շենգավիթում

Շենգավիթում քաղաքացիներն իրենց զորակցություն են հայտնում ձերբակալված պատգամավորներին: Նրանց ձեռքին «Ես Նիկոլ եմ» գրությամբ ցուցանակներ կան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. ՀՀ ոստիկանները շրջափակել են Շենգավիթի ոստիկանության բաժանմունքը, որտեղ ենթադրաբար բերման են ենթարկվել ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը:

Ձերբակալվել են Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը

Թեև ոստիկանությունը պաշտոնապես որևէ տեղեկություն չի տալիս նրանց գտնվելու մասին, բայց Միրզոյանի և Միքայելյանի հարազատները լրագրողներին հայտնել էին, որ նրանք պահվում են հենց այս բաժանմունքում:

Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրի մասին տեղյակ չէ նաև նրա կինը՝ լրագրող Աննա Հակոբյանը։ Նա այս մասին հայտնել էր լրագրողներին:

Ոստիկանության բաժանմունքի մոտ մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել՝ իրենց զորակցությունը հայտնելու պատգամավորներին: Քաղաքացիների ձեռքում ցուցանակներ կան «Ես Նիկոլն եմ» գրություններով:

Ոստիկանության աշխատակիցներին հաջողվեց հրելով հեռացնել քաղաքացիներին ոստիկանության մուտքից: Ցուցարարներն այս պահին հավաքված են Գարեգին Նժդեհի փողոցում: Ոստիկանության բաժանմունքից նրանց բաժանում է ոստիկանության մի քանի շարքից բաղկացած կենդանի պատը:

Նշենք, որ ՀՀ ԳԴ-ն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ պատգամավորներ Նիկոլ  Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ձերբակալված են: