ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Շենգավիթի ոստիկանության բաժանմունքի մոտ, Գարեգին Նժդեհի փողոցում կուտակված քաղաքացիներին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՔԽ անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը կոչ արեց երթով շարժվել Հանրապետության հրապարակ, որտեղ 19:00-ին նախանշված էր հանրահավաք անցկացնել:
Սիմոնյանը բարձրախոսով տեղեկացրեց, որ Երևանի կենտրոնի տարբեր հատվածներում այս պահին մեծ թվով քաղաքացիներ են կուտակված, ամեն տեղ ինքնաբուխ հավաքներ ու երթեր են իրականացվում: Սիմոնյանը, որն այս պահին քաղաքացիական ակցիաների կազմակերպիչներից միակն է, որ մնացել է ազատության մեջ, կոչ արեց բոլորին շարժվել ու հավաքվել Հանրապետության հրապարակում:
Հիշեցնենք` ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի բերման ենթարկվելուց հետո քաղաքացիները հավաքվեցին Շենգավիթի ոստիկանության բաժանմունքի մոտ:
ՀՀ ԳԴ-ն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ձերբակալված են: