ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը լքեց հանդիպման վայրը

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը րոպեներ անց հեռացավ հանդիպումից` հասկանալով, որ մյուս կողմը պատրաստ չէ երկխոսության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Քիչ առաջ «Մարիոթ» հյուրանոցում պայմանավորվածության համաձայն տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը տևեց ընդամենը մի քանի րոպե։ Սերժ Սարգսյանը, համաձայնության չգալով Նիկոլ Փաշինյանի հետ, լքեց հանդիպման վայրը։

Հանդիպման հենց սկզբից Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը հանդիպման է ներկայացել ոչ թե երկխոսելու, այլ ՀՀ վարչապետի հետ քննարկելու իր հրաժարականը։

«Ես շատ հստակ արձանագրել եմ մեր դիրքորոշումը, որ խոսքը ոչ թե ձեր առաջարկած երկխոսության մասին է, այլ մեր առաջարկած օրակարգի մասին է, և ես եկել եմ այստեղ քննարկելու ձեր հրաժարականի պայմանները և իշխանության անցնցում փոխանցման պայմանները»,– նշեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը կարևոր հայտարարություն արեց. հանդիպելու է Սերժ Սարգսյանի հետ

Իր հերթին Սերժ Սարգսյանը նշեց, որ նման ձևով խոսելով Նիկոլ Փաշինյանն իրեն շանտաժ է անում։ 

«Դա բանակցություն, երկխոսություն չէ, պարզապես ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին, դուք չեք գիտակցում պատասխանատվության ստիճանը, դասեր չեք քաղել մարտի 1–ից, և եեթ պետք է այդ տողով ինձ հետ խոսեք, ապա ինձ մնում է ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որ գաք օրինական դաշտ և ընդանրապես տրամաբանական գործողությունների սահման, հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա է»,– նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը հակադարձեց` նշելով, որ այժմ իշխանությունը ոչ թե ներկա վարչապետի, այլ ժողովրդի ձեռքում է։ 

Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ ընտրությունների ժամանակ ձայների յոթ տոկոս հավաքած խմբակցության ղեկավարը չի կարող խոսել ժողովրդի անունից և լքեց հանդիպման վայրը։