Մայր Աթոռը կոչ է անում Ցեղասպանության նահատակների հիշատակի օրը դարձնել հաշտության օր

Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասն ուղերձ է հղել իշխանություններին և ցուցարարներին՝ ընդգծելով, որ մեր երկրում տեղ գտած վերջին զարգացումները ներազգային կյանքում ստեղծել են վտանգավոր ու տագնապալի իրավիճակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Հոգևոր դասը հորդորում է ներկա կացության մեջ առաջնորդվել սթափ դատողությամբ՝ զերծ մնալով ծայրահեղ հուզականությունից ու չարդարացված առավելապաշտական նկրտումներից:

Գյումրիում մեկնարկած երթն առաջնորդում են հոգևորականները

«Կոչ ենք ուղղում իրավապահներին ու ցուցարարներին գործել բացառապես օրինականության սահմաններում, երկուստեք դրսևորել խիստ զսպվածություն, բացառել հնարավոր սադրանքները և զերծ մնալ բախումների ու ընդհարումների հանգեցնող գործողություններից:

Անթույլատրելի և աններելի են քայլերն ու գործողությունները, որոնք խաթարում են ազգային միաբանությունը, սերմանում երկպառակություն, ատելություն ու թշնամանք»,-նշված է ուղերձում:

Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասն ափսոսանք է հայտնում, որ այսօր երկխոսության հույսեր արթնացնող աննախադեպ նախաձեռնությունն ընդհատվեց: Բայց նրանք հույս են հայտնում, որ խաղաղ ճանապարհով առկա վիճակը հաղթահարելու բոլոր հնարավորությունները դեռ չեն սպառվել:

«Ակնկալում ենք, որ Հայրենիքի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ու քաղաքացիական ուժերն իրենց հետևողական ու ծանրակշիռ գործունեությամբ միջամտեն զարգացումներին և փորձեն բանակցությունների, փոխհասկացողության ճանապարհով աջակցելու խնդիրների բարվոք հանգուցալուծմանը»,- ասված է ուղերձում:

Հոգևոր դասը աղոթքով հայցում է, որ Հարուցյալ Տերը խաղաղ, անսասան և անվրդով պահի Հայրենի մեր երկիրը և զորացնի բարեպաշտ մեր ժողովրդի համերաշխության, հանդուրժողականության և ազգային միաբանության ոգին՝ Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի օրը դարձնելու աղոթքի և հաշտության օր: